Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Թատրոնի կենդանի մթնոլորտն ու նկարահանման հրապարակի լռությունը շատ տարբեր են»

«Թատրոնի կենդանի մթնոլորտն ու նկարահանման հրապարակի  լռությունը շատ տարբեր են»
09.06.2017 | 07:46

«Իրատեսի» զրուցակիցը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան ԱՐԾՐՈՒՆ ՉՈԲԱՆՅԱՆՆ է: Երիտասարդ դերասանը խաղում է «Փշրված պատրանքների մի գիշեր», «Ձախորդ Փանոսի կտակը», «Երևան-Բարսելոնա» և այլ ներկայացումներում: Մինչ այդ հանդես է եկել տարբեր թատերախմբերում, խաղացել է նաև ավարտական ներկայացումներում: Արծրուն Չոբանյանին շատերը ճանաչում են «Կյանք ու կռիվ-2» ֆիլմից: Կինոյում նրա դեբյուտը մեծ հաջողություն ունեցավ:

-Դերասանին հայտնի է դարձնում երկնագույն էկրանը, նույնիսկ նրանց, ովքեր երկար տարիներ բազում դերեր են կերտել թատրոնում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Հեռուստատեսությունը մեծ լսարան ունի, իսկ թատրոն քիչ մարդիկ են գալիս: Անցել են այն ժամանակները, երբ թատրոնում հերթեր էին գոյանում, թատրոն գնալը ժամանց էր: Հեռուստատեսությունը խլեց հանդիսատեսին: Այսօր մարդիկ կարող են երեկոյան իրենց տանը` բազմոցին պառկած, նայել` ինչ ուզում են:
-Ինչո՞վ են առանձնանում կինոն, թատրոնը դերասանի համար:
-Բեմում հարաբերություններ կառուցելը երկարատև, անդադար պրոցես է: Երբ ներկայացումը պատրաստ է, առաջնախաղը կայանում է, աշխատանքը չի ավարտվում, միշտ մտածում ես, նոր բաներ գտնում, կատարելագործում: Կինոյում նկարահանվելիս քեզ նայում է ռեժիսորը: Եթե նրան բավարարեցիր` բավարարեցիր: Թատրոնում քեզ են նայում տասնյակ մարդիկ, մեկին կարող ես բավարարել, մյուսի աչքերում դժգոհություն տեսնել: Հանդիսատեսի արձագանքը զգում ես նույն պահին` ծափերից, ռեպլիկներից: Թատրոնի կենդանի մթնոլորտն ու նկարահանման հրապարակի լռությունը շատ տարբեր են: Թատրոնում շատ ավելի հաճելի է ինձ համար:
-«Կյանք ու կռիվ» ֆիլմը նոր ու տաղանդավոր դերասանների բացահայտեց: Ֆիլմի երկրորդ մասում առավել աչքի ընկավ Ձեր մարմնավորած կերպարը` Նարեկը: Ըստ Ձեզ` ինչո՞վ է գրավում Նարեկը: Գիտեի՞ք, որ նման հաջողություն կունենա դերը:
-Երբեք չես իմանում` ինչ արձագանք կլինի: Նարեկի դեպքում, իհարկե, սպասելիքներ կային, որովհետև տարբերվող կերպար էր` անդադար լուրջ ու անդադար անլուրջ:
-Ճի՞շտ է, որ սկզբում փոքր դեր է եղել, Ձեր խաղի շնորհիվ ավելի ընդգրկուն է դարձել:
-Ոչ թե իմ խաղի շնորհիվ, այլ ռեժիսոր-դերասան հարաբերության: Եվ քանի որ ռեժիսորն ու սցենարիստը նույն մարդն էին, այդպես ստացվեց:
-Ինչպե՞ս է կատարվել Նարեկի ընտրությունը:
-Նախ՝ ասեմ, որ ֆիլմերը նկարահանվել են ամբողջական սցենարով, միանգամից, զուգահեռ: Հետո որոշվեց երկրորդ մաս նկարահանել: Իրականությանը չեն համապատասխանում այն պատմությունները, որ իբր ֆիլմը պատրաստ էր: Պատահել է, որ ընտրվել է երկրորդ ֆիլմի դերասանը, հետո` դրան համապատասխան առաջին ֆիլմի դերասանը: Ինչ վերաբերում է Նարեկին (կերպարների մեծ մասը հաստատված է եղել), Մհեր Մկրտչյանն ինձ ներկայացման ժամանակ նկատել է, հրավիրել քաստինգի, մասնակցել եմ, ու հաստատվել է դերս:
-Իրականում նմա՞ն եք Նարեկին:
-Այո, կա նմանություն:
-Կսիրահարվեի՞ք աղջկա, որն ունի «մանուշակագույն մազեր ու դեմքի երկաթյա համակարգ»:
-Այո, եթե սիրուն է ու սազում է դեմքին, կառուցվածքին: Կարող է թեկուզ կարմիր կամ կանաչ մազեր ունենալ: Կարևոր չէ:
-Զինվորականին մարմնավորելը բարդ չէ՞ր:
-Երկու-երկուսուկես տարի առաջ եմ վերադարձել զինվորական ծառայությունից ու շատ բան եմ սովորել այդ տարիներին: Ես ուրախ եմ, որ կա բանակ, որ կարող ես գնալ, ծառայել: Տարբեր մարդկանց տեսնելը, տարբեր մարդկանց հետ նույն տեղում ապրելը դժվար է, բայց հաճելի: Իմ մասնագիտությունից ելնելով` նաև կողքից էի նայում այդ ամենին, հետաքրքրությամբ ուսումնասիրում էի մարդկանց: Արդեն նկարահանման հրապարակում (մանավանդ որ ֆիլմում կային նաև հատուկջոկատայիններ) մեզ շատ են օգնել ռազմական փորձագետները, շատ բան ենք սովորել նրանցից:
-Ֆիլմում կար նաև անդրադարձ ապրիլյան դեպքերին: Մտահոգիչ կամ պարտավորեցնող չէ՞ քո ժամանակը ներկայացնելը:
-Կարող եմ ասել միայն, որ նկարահանումներն ընթացքի մեջ էին, երբ քառօրյա պատերազմը եղավ, ու տրված էր հնարավորություն այդ ամենը տեղում, ինչպես եղել էր, ներկայացնելու:
-Ձեր դեբյուտն էր ֆիլմում: Առավել փորձառու խաղընկերների հետ աշխատանքը ինչպիսի՞ն էր:
-Շատ բան եմ սովորել նրանցից: Ֆիլմի նկարահանման փորձերի ժամանակ սկսեցի ճանաչել Բաբկեն Չոբանյանին, շատ բան կար նրանից սովորելու, նա ունի մի այնպիսի հատկություն, որ պարզապես ստիպում է խաղալ իր հետ: Հետաքրքիր էր նկարահանման հրապարակում շփումը Նարինե Գրիգորյանի հետ, որը, ի դեպ, իմ դասախոսն է եղել: Ֆիլմում մի դրվագ կա, երբ տղաներին ճանապարհում են սահման, ես նայում էի նրան, խոսում, բայց զգում էի, որ չի լսում ինձ: Նարինե Գրիգորյանի բոլոր ներկայացումները նայել եմ, թվում է` ճանաչում եմ նրան, բայց մեկ էլ նորովի եմ բացահայտում:
-Բաբկեն Չոբանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած նույն ազգանուններն ունեք, ազգակցական կապ չկա:
-Կարծում եմ` եթե փնտրենք, անպայման ինչ-որ կապ կգտնենք:
-Ի՞նչ կասեք «Փշրված պատրանքների մի գիշեր» ներկայացման մասին: Հանդիսատեսն ի՞նչ կարող է տեսնել-գտնել ժամանակակից այս թատերգության մեջ (թատերգությունը` Մհեր Մկրտչյանի, բեմադրությունը` Գագիկ Մադոյանի- Ա. Ս.):
-Իմ առաջին մեծ դերն է արտիստական թատրոնում: Անկախ տարաբնույթ կարծիքներից` ես այս ներկայացումը շատ եմ սիրում: Շատ բան չեմ կարող ասել: Սիրո մասին է, հանդիսատեսը պետք է գա, որ տեսնի սիրո, հարաբերությունների այս տեսակը:
-Սերիալում կտեսնե՞նք Ձեզ:
-Իհարկե, եթե լավ սցենար ու լավ առաջարկ լինի:
-Որպես քաղաքացի ի՞նչ մտահոգություններ ունեք:
-Որպես քաղաքացի շատ մտահոգություններ ունեմ, բայց, որպես կանոն, դատարկ տեղը չեմ բողոքում: Նախ՝ փորձում եմ իմ գործը հնարավորինս լավ կատարել ու պահանջում եմ դա բոլորից՝ կառավարությունից մինչև դռնապան:
-Թատրոնը դեր կարո՞ղ է ունենալ քաղաքացուն կրթելու, դաստիարակելու հարցում:
-Չեմ կարծում, թե թատրոնում պետք է դաստիարակել մարդուն: Այլ հարց է, որ երբ թատրոնի, կինոյի, առհասարակ` արվեստի միջոցով գեղագիտական ճաշակ ես ձևավորում մարդու մեջ, նա սկսում է տեսնել, գնահատել գեղեցիկը և վատ սովորություններից ակամա ձերբազատվում է:
-Ի՞նչ եք կարծում` մարդիկ բեմո՞ւմ են ավելի շատ խաղում, թե՞ կյանքում:
-Դերասանը կարող է իր վարպետությունը կիրառել կյանքի տարբեր իրավիճակներում: Սակայն կյանքում շատ ավելի լավ խաղում են մարդիկ, որ կապ չունեն դերասանության հետ, մի տարբերությամբ` իրենք չեն կարող բեմում խաղալ:
-Մի տեսակ ընդունված է հայտնիների միջոցով գովազդել գրականությունը: Ի՞նչ կառաջարկեիք կարդալ: ՈՒնե՞ք սիրած գրողներ:
-Իհարկե` Մաթևոսյան, Մարկես:
-Առաջիկայում ո՞ր ֆիլմում կամ ներկայացման մեջ կարող ենք Ձեզ տեսնել:
-Ամռան ամիսներին պրեմիերաներ են նախատեսվում թատրոնում` իմ մասնակցությամբ: Նկարահանվել եմ 12-մասանոց հեռուստասերիալում: Հեռարձակվելու է Հանրային հեռուստատեսությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ